Հայկական պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, որ մեկնում էր Լեհաստան՝ մասնակցելու ավիավթարից զոհված նախագահ Լեխ Կաչինսկու, նրա կնոջ՝ Մարիա Կաչինսկայի եւ այդ երկրի այլ բարձրաստիճան անձանց հուղարկավորությանը, մի քանի ժամ առաջ թռչելով Երեւանից, վայրէջք է կատարել Մոսկվայում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է խոհրդարանի հասարակության հետ կապերի վարչության պետի տեղակալ Գագիկ Նահապետյանը:
Հայկական պատվիրակությունը վայրէջք է կատարել Մոսկվայում, քանի որ Լեհաստան թռիչքն ահնար է դարձել Իսլանդիայից Եվրոպայի վրա տարածված հրաբխային ամպի պատճառով: Նահապետյանի խոսքով, ներկայումս Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում Լեհաստան մեկնելու հնարավորության է սպասում:
Նշենք, որ հրաբխային ամպի պատճառով չեղյալ են հայտարարվել գործնականում բոլոր ավիաչվերթները: Նախօրեին չեղյալ են հայտարարվել Երեւան-Փարիզ-Երեւան, այսօր՝ Երեւան-Լոնդոն-Երեւան, Երեւան-Ամստերդամ-Երեւան, Երեւան-Օդեսսա-Երեւան, Երեւան-Ցյուրիխ-Երեւան չվերթները:




























