Մերձդնեստրի իշխանությունների կողմից լրտեսության մեղադրանքով ձերբակալված հայ լրագրող Էռնեստ Վարդանյանի հարազատները նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ խնդրել միջամտել նրան ազատ արձակելու խնդրով։

«Հաշվի առնելով այն իրողությունը, որ Մերձդնեստրյան անջատված հանրապետությունը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության ենթակայության ներքո, խնդրում ենք Ձեզ՝ որպես աշխարհասփյուռ հայերի իրավունքների ու շահերի երաշխավորի, դիմել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ հայրենասեր, արժապատիվ հայորդի, միջազգային շրջանակներում հեղինակություն ունեցող, ընտանիքի երիտասարդ հայր Էռնեստ Վարդանյանին ազատ արձակելու խնդրով», — ըստ «Ազատություն» ռադիոկայանի` ասված է հայ լրագրողի հարազատների կողմից նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում։

Հիշեցնենք, որ Մերձդնեստրի իշխանությունները ձերբակալել են Էռնեստ Վարդանյանին ապրիլի 7-ին` դավաճանության եւ լրտեսության մեղադրանքով։ Լրագրողին սպառնում է 12-ից 20 տարվա ազատազրկում։