Այսօր՝ ապրիլի 17-ի երեկոյան հերթական քրեական «ռազբորկան» է արձանագրվել Երեւանում, այս անգամ Նոր Նորք 6-րդ զանգվածում (Ֆոտոռեպորտաժ):

Ռազմական ակադեմիայի մերձակայքում գտնվող «Crazy Horse» գիշերային ակումբի մոտ մի քանի տասնյակ մարդ վիճաբանություն եւ ծեծկռտուք են սարքել, որը հաջողվել է դադարեցնել միայն ոստիկանության աշխատակիցների եւ հատուկջոկատայինների օգնությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել բարձրաստիճան բազմաթիվ ոստիկաններ՝ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ 6-րդ վարչության պետ Գագիկ Ավետիսյանը եւ այլք: 6-րդ վարչության պետի տեղակալ Կարեն Բաբաքեխյանն էլ փորձել է խոչընդոտել ֆոտոլրագրողի աշխատանքը:

Ոստիկանները բերման են ենթարկել մոտ 4 տասնյակ անձանց, որոնք, որոշ տեղեկություններով զինված են եղել: Խուզարկության արդյունքում մեծ քանակությամբ ատրճանակներ եւ սառը զենք է առգրավվել:

Ըստ որոշ տվյալների, ծեծկռտուքին մասնակցել են քրեական աշխարհի ներկայացուցիչներ: Մասնավորապես, նրանցից մեկը հայտնի է որպես «3-րդ մասի Հոնչ», ով սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի զարմիկն է: «Ռազբորկայի» մասնակիցների մեծ մասը Աբովյան քաղաքից են, եւ նրանց մի մասը ԲՀԿ-ի կրծքանշաններ են կրել: Որոշ տեղեկություններով, «ռազբորկայի» պատճառը Նոր Նորքում Դմբուզ Հենդո մականունով հայտնի հեղինակություններից մեկին պատկանող մի հողակտոր է, որը չեն կարողացել բաժանել իրար մեջ: