Բոսնիայում եւ Հերցեգովինայում զանգվածային անկարգություններից հետո հրաժարական է տվել բոսնիական Սարաեւո կանտոնի ղեկավար Սաուդ Ժելկովիչը:
Բողոքի ցույցերը շարունակվում են արդեն չորրորդ օրը. Ցուցարարները գրոհում են ու այրում վարչական շինությունները: Ի պատասխան ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է օգտագործում: Ավելի վաղ հրաժարական են ներկայացրել նաեւ Տուզլա եւ Զենիցա կանտոնների ղեկավարները:
Հիշեցնենք, որ ցույցերի առիթ ծառայել է ծանր տնտեսական դրությունն ու անգործության բարձր մակարդակը, որը պաշտոնական տվյալներով կազմում էր 27,5 տոկոս, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 44 տոկոս:
Փետրվարի 7-ին ցուցարաներն այրել են Բոսնիայի ու Հերցեգովինայի կառավարության շենքը: Շենքը լուրջ տուժել էր կրակից: Ոչնչացել էր այնտեղ գտնվող պետական արխիվի մի մասը: Այրվել են նաեւ հարեւանությամբ կայանված մի քանի մեքենա:
Բիխաչեում ոստիկանությունը ուժի է դիմել ցուցարարներին ցրելու համար, որոնք հավաքվել էին կանտոնի վարչապետի նստավայրի մոտ: Բախման հետեւանքով կային տուժածներ: Իրադարձությունների բացասաան զարգացմանը խանգարել է ոստիկանությունը, որը ուրբաթ օրից սկսած ակտիվորեն հակադարձում է ցուցարարներին:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ երեք օրվա անկարգությունների հետեւանքով երկրում տուժել է 348 մարդ՝ 187 ոստիկան ու 161 ցուցարար: Սարաեւում նրանց թիվը համապատասխանաբար 144 եւ 138 էր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























