Այսօր` ապրիլի 19-ին ժամանակ առ ժամանակ կպահպանվեն անձրեւները, իսկ արդեն գիշերը անձրեւը Երեւանում կդադարի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հիդրոօդերեւութաբանական ծառայությունից:

Վաղը` ապրիլի 20-ին Երեւանում տեղումներ չեն սպասվում, սակայն կլինի փոփոխական ամպամածություն: Ապրիլի 21-ի երեկոյան կրկին եղանակը կվատանա եւ ապրլի 22-23-ին կլինեն անձրեւներ ու ամպրոպ:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Իսլանդիայի հրաբուխից առաջացած մոխրային ամպը, որը արդեն գտնվում է Թուրքիայում, հասնի նաեւ Հայաստան, հերթապահ հիդրոօդերեւութաբանը պատասխանեց. «Մինչեւ ապրիլի 22-ը հավանականություն չկա, որ այդ մոխրային ամպը մեզ կհասնի: Իսկ ապրիլի 22-ից հետո հնարավոր է լինի նման հավանականություն, բայց դա դեռ պետք է ճշտենք»:

Հիշեցնենք, որ վերջին երեք օրվա ընթացքում իսլանդական Էյաֆյալլայոկուլլ հրաբխից առաջացած մոխրի սյունը բարձրացել է մինչև ինը կիլոմետր: Տարածաշրջանում տեսողականությունը զրոյական է դարձել: Փոշու ամպը հասել է Թուրքիա, որի կապակցությամբ հետաձգվել են որոշ ավիաչվերթեր: Նշենք, որ մինչ այդ մոխրային ամպը ծածկել էր ողջ հյուսիսյին Եվրոպան, եւ շարունակում է նորանոր տարածքներ ծածկել: