Իրավիճակը Ղրղզստանում կրկին սրվում է։ Պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւի ավելի քան հազար կողմնակիցներ բողոքի ակցիա են անցկացրել երկրի հարավում գտնվող Ջալալ-Աբադում։

Ցուցարարները պահանջել են ապրիլի 7-ի դեպքերի արդյունքում զոհվածների մահվան հանգամանքները քննող միջազգային հանձնաժողով ստեղծել։ Նրանք նաեւ պահանջել են դադարեցնել Բակիեւների ընտանիքի հետապնդումները եւ վերականգնել խորհրդարանի աշխատանքները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ապրիլի 19-ին Ղրղզստանի Օշի մարզի իրավապահ մարմինների ավելի քան երեք հարյուր աշխատակիցներ իրենց իրավունքները պաշտպանելու պահանջով դիմել են ժամանակավոր կառավարությանը, հայտնում է Ֆերգանա.ռու-ն։

Ոստիկանները մի քանի պահանջներ են ներկայացրել. չօգտագործել իրենց որպես «կենդանի պատնեշ» մարդկանց դեմ, չիջեցնել աշխատավարձերը, ապրիլյան իրադարձությունների արդյունքում տուժած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին փոխհատուցում վճարել։ Ցույցի մասնակիցները բողոքել են Բոլոտ Շերնիյազովին ՆԳ նախարար նշանակելու դեմ, քանի որ նա, իրենց խոսքով, հեռու է ոստիկանությունից, ընդամենը կապիտանի կոչում ունի, այդ պատճառով էլ նրան դժվար է ընդունել որպես նախարար։ Ապրիլի 17-ին ոստիկանության աշխատակիցները Ջալալ-Աբադից գրեթե վռնդել են Բոլոտ Շերնիյազովին։ Ելույթի ժամանակ մի քանի ոստիկաններ հարվածել են նրան եւ նրա մեքենայի հետեւից շշեր նետել։

Ապրիլի 19-ին նաեւ պարզ է դարձել, որ Ղրղզստանի նոր իշխանությունները շուրջ մեկ միլիոն դոլար են հատկացրել Բիշքեկի դեպքերի արդյունքում տուժած ոստիկաններին վճարելու համար։ Ավելի վաղ ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան հայտարարել էր, որ նոր իշխանությունների կողմից երկրի բոլոր մարզերում վիճակը վերահսկվում է։

Սակայն Ղրղզստանի մայրաքաղաքում հանգիստ չէ։ Ձողերով եւ ջահերով զինված ավելի քան հազար մարդ Մայովկա գյուղից երկուշաբթի մտել են Բիշքեկ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ամբոխը Մայովկայում փորձել է հարձակվել ռուսալեզու ազգաբնակչության տների վրա. «Նրանք ներխուժում էին ռուսալեզու քաղաքացիների տներ եւ պահանջում հեռանալ»,- «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է գյուղի բնակիչներից մեկը։

Ցուցարարները ճանապարհին իրավապահ մարմիններին պատկանող մի ավտոմեքենա են այրել։