Երեւանի քաղաքապետարանը 600 մլն դրամ է հատկացրել չորրորդ աստիճանի վթարայնության շենքերի փոխարեն նոր բազմաբնակարան շենքեր կառուցելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

«Շենքերի կառուցման համար օգտագործվում են պետական եւ համայնքային բյուջեի միջոցները: Իհարկե, մեր տրամադրած 600 մլն-ը քիչ է, շենքերի կառուցման միլիարդներ են հարկավոր: Մնացած մասն էլ Կառավարությունն է տրամադրելու»,- ասաց նա:

Նշենք, որ այս պահին Երեւանում կա 10 չորրորդ աստիճանի վթարային շենք, որոնք դեռ բնակեցված են:

«Մի մասի բնակիչներին արդեն բնակարաններով ապահովել ենք, սակայն կան շենքեր, որտեղ բնակիչներն ապրում են՝ իրենց հերթին սպասելով: Շենքերի կառուցումից հետո այդ բնակիչները բոլորը կտեղափոխվեն ու այդ շենքերն անմիջապես կապամոնտաժվեն, որովհետեւ դրանք քանդման ենթակա են, վտանգավոր են»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Արթուր Գեւորգյանի խոսքով՝ 2015թ. այլեւս չորրորդ աստիճանի վթարայնության շենքեր չեն լինի. «Դրանից հետո կսկսենք ամրացնել երրորդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերը, որպեսզի դրանք էլ չդառնան չորրորդ աստիճանի:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 11-ին Երեւանի ավագանու երրորդ նստաշրջանի առաջին նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու նպատակով լրացուցիչ գումար հատկացնելու վերաբերյալ հարցին, ընդգծել էր, որ քաղաքապետարանը հետեւողական է այդ ծրագիրն ամբողջությամբ ավարտելու հարցում եւ տարեկան բյուջեով արդեն իսկ նախատեսված մեկ բազմաբնակարան շենքից զատ, այս տարի նախատեսվում է լրացուցիչ միջոցներ ներգրավելով սկսել եւս 2 բազմաբնակարան շենքերի շինարարություն ու արդեն 2015թ. տարեվերջին լուծել ներկայում մայրաքաղաքում հաշվառված բոլոր չորրորդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովման խնդիրը: