«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները բաց նամակով դիմել են Հանրապետության նախագահին:
«Ձեզ կրկին անգամ բաց նամակով դիմում են «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները: Արդեն 10 ամիս է՝ ինչ դադարել է գործել «Արմավիա» ավիաընկերությունը, սակայն չնայած բազմաթիվ մեր բողոքների տարբեր ատյաններ` Աշխատանքի պետ. տեսչություն, Ավիացիայի գլխավոր վարչություն, ՀՀ կառավարություն, երեք անգամ դիմել ենք նաեւ Ձեր նստավայր, այնուամենայնիվ, մինչ այսօր չի լուծվել մեր աշխատավարձների, վերջնահաշվարկների եւ օրապահիկների չվճարված գումարի հարցը: Դիմել ենք նաեւ դատարան` մեզ 3 տարի չվճարած օրապահիկների գումարը ստանալու նպատակով: Արդյունքը եղավ ճիշտ հակառակ: Բաղդասարովը («Արմավիայի» ֆին. տնօրենի խոսքերով) «սարսափելի զայրացել էր մեր դատարան դիմելու փաստից» եւ հրաման էր տվել դադարեցնել արդեն իսկ կամաց-կամաց վճարվող աշխատավարձների վճարումը: Նույն ֆին. տնօրենի միջոցով Բաղդասարովի կողմից մեզ առաջարկություն արվեց ետ վերցնելու դատարանից մեր հայտը, եւ միայն այդ պայմանով էին համաձայն շարունակելու մեր աշխատավարձների վճարումը: Անօրեն առաջարկությունը մեր կողմից մերժվեց: Դատը կայացավ, դատավճիռն եղավ, բնականաբար, մեր օգտին, սակայն սահմանված ժամկետում մեզ ոչ մի լումա չվճարվեց: Բաղդասարովը նաեւ հավատարիմ մնաց իր ստոր որոշմանը, իսկապես դադարեցնելով աշխատավարձների վճարումը:
«Արմավիան», որը մինչ այսօր չի հայտարարել իրեն սնանկ եւ, առավել եւս, չի ճանաչվել, այնուամենայնիվ, հրաժարվում է վճարել աշխատավարձների պարտքը` պատճառաբանելով, որ գումար չունի (թեպետ մեկ ամիս առաջ վաճառեց 2 CRJ տիպի ինքնաթիռ), իսկ կառավարությունը, ըստ իր հայտարարության, «ունի ոչ մի լծակ» ազդդելու մեր երկրում բացարձակ անօրեն վարվող գործատուի վրա:
Աշխատանքի պետ. տեսչությունը, որի հետ մենք կապում էինք բազմաթիվ հույսեր, եւ որը իսկզբանե շատ ջանասեր կերպով սկսեց զբաղվել մեր խնդիրներով , մեր պայքարի ամենակարեւոր պահին, չիգիտես ինչու, վերակազմավորվեց, կցվեց Առողջապահության նախարարությանը, իսկ ետ վերակազմավորվելուց հետո, միանգամից կորցրեց իր եռանդը: Ձեւական գրությամբ օձիքներն ազատեցին` պատասխանելով, որ գործը հանձնել են վարչական դատարան, սակայն մինչ այսօր ոչ մի նիստ չկայացավ:
Խնդրում ենք վերջապես լուծում տալ մեր հարցին եւ, հանձնարարականներ տալով համապատասխան պետ. մարմիններին, ապահովել օրենքի կատարումը եւ մեր օրինական պահանջների բավարարումը»,- ասվում է նամակում:


























