Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում միանշանակ հաղթող չի լինի, որը կարող է դառնալ գերիշխող ուժ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, ով վերջերս է վերադարձել ԼՂՀ-ից, որտեղ սոցիոլոգիական հարցումներ է իրականացրել: Նա հրաժարվեց հարցման արդյունքները ներկայացնել, նշելով, որ դրանք դեռ ամփոփման փուլում են, որից հետո ինքն ասուլիս կհրավիրի ու կներկայացնի, թե որ քաղաքական ուժը որքան վարկանիշ ունի:
Այդուհանդերձ, Ա. Ադիբեկյանը նշեց, թե հարցումները ցույց են տալիս, որ ընտրություններին մասնակցող 5 ուժերից 7 տոկոսանոց արգելքը կհաղթահարեն միայն երեքը, որոնք են՝ «Ազատ հայրենիք»-ը, Ժողովրդավարական կուսակցությունն ու Դաշնակցությունը: Ըստ այդմ, սոցիոլոգի խոսքով, ընտրություններից հետո առաջ է գալու կոալիցիա ստեղծելու անհրաժեշտություն, եւ բոլոր երեքն էլ հավասարաչափ հնարավորություն ունեն մտնել կոալիցիա:
Բացի այդ, Ադիբեկյանն ասաց, որ «Ազատ Հայրենիք»-ի եւ Ժողովրդավարական կուսակցության ձայները բավականին մոտ են, իսկ դաշնակցականները մի փոքր զիջում են, բայց դեռ ընտրարշավ է լինելու եւ շատ բան կարող է փոխվել:
Նշենք, որ այս սոցհարցումները պատվիրել է Ազատամարտիկների միության երիտասարդական կազմակերպությունը:
Հարցումներն, ըստ «Սոցիոմետր»-ի ղեկավարի, երեք նպատակ են ունեցել. պարզել ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշը, պարզել, թե իշխանությունների վարկանիշն ինչպես է փոխվել վերջին 2 տարում եւ վերջապես՝ ԼՂ հարցի վերաբերյալ ի՞նչ են մտածում ղարաբաղցիները եւ ինչպես են ընկալում հայ-թուրքական մերձեցման շրջանակում ԼՂ հարցի լուծումը: Ըստ Ադիբեկյանի, ընդհանուր առմամբ, Ղարաբաղում մարդիկ բավականին լավ հոգեբանական վիճակում են, լավատեսորեն են վերաբերում ապագային եւ փոխզիջելու ոչ մի պատրաստակամություն չունեն: Իսկ ԼՂ կարգավիճակի առումով հասարակությունը բաժանված է երկու մասի. Մի մասը դեմ չէ միանալ Հայաստանին, մյուս մասը կտրականապես դեմ է դրան՝ համարելով, որ այդ դեպքում ՀՀ-ում առկա բացասական գործընթացները կներթափանցեն Ղարաբաղ:




























