Գերմանական KfW զարգացման բանկը «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկին 20 մլն եվրոյի չափով վարկ է տրամադրել։
Վարկը տրամադրվել է 10 տարի մարման ժամկետով, որից երեք տարին՝ արտոնյալ։ Տոկոսադրույքի մի մասը կսուբսիդավորի Գերմանիայի կառավարությունը։
Գործող ծրագրի շրջանակներում հայկական բանկերին վարկային միջոցները կտրամադրվեն 8.25 տոկոսադրույքով, սակայն կախված շուկայի զարգացումներից՝ պայմանները կարող են վերանայվել։
Ծրագիրը մեկնարկել է 2005 թվականին՝ այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ ձեռք բերվեց պայմանավորվածություն, որի համաձայն՝ այս ծրագրի շրջանակներում 2006 եւ 2007 թ. 6-ական միլիոն եվրո տրանշ, ինչպես նաեւ 1.5 մլն եվրոյի չափով դրամաշնորհ հատկացվեց։
Գերմանական KfW զարգացման բանկը Հայաստանի հետ համագործակցում է 1995 թվականից, իսկ նրա ներկայացուցչությունը հանրապետությունում գործում է 1998 թ.-ից։
Հայաստանում բանկի ներկայացուցչության գործունեության ոլորտներ են՝ էներգետիկան, խմելու ջրի եւ կոյուղիների բնագավառը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի եւ բանկային համակարգի զարգացման ոլորտները։
Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում 2009-2010 թթ. գերմանական KfW բանկը Հայաստանին 110 մլն եվրո կտրամադրի։



























