«Արմավիա» ավիաընկերության մի խումբ նախկին աշխատակիցներ բաց նամակ են հղել ՀՀ Սերժ Սարգսյանին, որում ասված է.

«Հարգելի պարոն նախագահ,

Ձեզ կրկին անգամ բաց նամակով դիմում են «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները: Արդեն 10 ամիս է ինչ դադարել է գործել «Արմավիա» ավիաընկերությունը, սակայն չնայած բազմաթիվ մեր բողոքների տարբեր ատյաններ’ Աշխատանքի պետ. տեսչություն, Ավիացիայի գլխավոր վարչություն, ՀՀ կառավարություն, երեք անգամ դիմել ենք նաեւ Ձեր նստավայր, այնուամենայնիվ, մինչ այսօր չի լուծվել մեր աշխատավարձների, վերջնահաշվարկների եւ օրապահիկների չվճարված գումարի հարցը:

Դիմել ենք նաեւ դատարան` մեզ 3 տարի չվճարած օրապահիկների գումարը ստանալու նպատակով: Արդյունքը եղավ ճիշտ հակառակ: Բաղդասարովը ( «Արմավիայի» ֆին. տնօրենի խոսքերով) «սարսափելի զայրացել էր մեր դատարան դիմելու փաստից» եւ հրաման էր տվել դադարեցնել արդեն իսկ կամաց-կամաց վճարվող աշխատավարձների վճարումը:

Նույն ֆին. տնօրենի միջոցով Բաղդասարովի կողմից մեզ առաջարկություն արվեց ետ վերցնելու դատարանից մեր հայտը, եւ միայն այդ պայմանով էին համաձայն շարունակելու մեր աշխատավարձների վճարումը: Անօրեն առաջարկությունը մեր կողմից մերժվեց: Դատը կայացավ, դատավճիռը եղավ, բնականաբար, մեր օգտին, սակայն սահմանված ժամկետում մեզ ոչ մի լումա չվճարվեց: Բաղդասարովը նաեւ հավատարիմ մնաց իր ստոր որոշմանը, իսկապես դադարեցնելով աշխատավարձների վճարումը:

«Արմավիան», որը մինչ այսօր չի հայտարարել իրեն սնանկ եւ, առավել եւս, չի ճանաչվել, այնուամենայնիվ, հրաժարվում է վճարել աշխատավարձների պարտքը’ պատճառաբանելով, որ գումար չունի ( թեպետ մեկ ամիս առաջ վաճառեց 2 CRJ տիպի ինքնաթիռ), իսկ կառավարությունը, ըստ իր հայտարարության, «չունի ոչ մի լծակ» ադդելու մեր երկրում բացարձակ անօրեն վարվող գործատուի վրա:

Աշխատանքի պետ. տեսչությունը, որի հետ մենք կապում էինք բազմաթիվ հույսեր, եւ որը իսկզբանե շատ ջանասեր կերպով սկսեց զբաղվել մեր խնդիրներով, մեր պայքարի ամենակարեւոր պահին, չգիտես ինչու, վերակազմավորվեց, կցվեց Առողջապահության նախարարությանը, իսկ հետ վերակազմավորվելուց հետո, միանգամից կորցրեց իր եռանդը: Ձեւական գրությամբ օձիքներն ազատեցին’ պատասխանելով, որ գործը հանձնել են վարչական դատարան, սակայն մինչ այսօր ոչ մի նիստ չկայացավ:

Խնդրում ենք վերջապես լուծում տալ մեր հարցին եւ, հանձնարարականներ տալով համապատասխան պետ. մարմիններին, ապահովել օրենքի կատարումը եւ մեր օրինական պահանջների բավարարումը»: