Ռուսական ավիաընկերությունները Մոսկվայից Երեւան ամենօրյա 63 չվերթներ իրականացնելու հնարավորություն են ստացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով միջազգային ավիափոխադրումների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի արձանագրությունը:
Հաղորդվում է, որ նոր փոխադրողները կլինեն «ՎԻՄ-ավիա»-ն եւ «Ուրալական ավիաուղիներ»-ը (նրանցից յուրաքանչյուրը կիրականացնի շաբաթական 14 չվերթ), ինչպես նաեւ «Յակուտիա», «ՅՈՒՏ էյր»,Red Wings եւ «Մոսկովիա» ընկերությունները (բոլորը շաբաթական 7-ական չվերթ):
Բացի այդ, «Աէրոֆլոտը» թույլտվություն է ստացել ավելացնել չվերթների թիվը՝ շաբաթական 28-ից հասցնելով 35-ի:
Ներկայումս, բացի «Աէրոֆլոտից», Մոսկվայից Երեւան են թռչում «Տրանսաէրո» (շաբաթական 21 չվերթ) եւ S7 (շաբաթական 35 չվերթ) ավիաընկերությունները:
Այսպիսով, եթե ռուսական ավիաընկերությունները եթե ռուսական ավիաընկերությունները իրացնեն չվերթների իրենց իրավունքը, ապա շաբաթական Մոսկվայից Երեւան կթռչի 147 օդանավ:
Հիշեցնենք, որ 2013-ի վերջին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ազատականացման մասին ծրագիրը, որով հանվում են բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան թռիչքների վրայից:




























