Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փետրվարի 12-ին, Տավուշի մարզպետի եւ պատգամավորների ուղեկցությամբ, հետեւել է Բերդ-Իջեւան մայրուղու Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվող շրջանցիկ ճանապարհի շինարարական աշխատանքներին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ճանապարհի շինարարությունն իրականացնող Իջեւանի ճանշինի ավագ աշխղեկ Դանիել Աբովյանը եւ ՀՀ ՏՆ «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը նշել են, որ շրջանցիկ ճանապարհն ունենալու է 3.2 կմ երկարություն եւ 6-7 մետր լայնություն եւ Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ երկու կիլոմետրով: Դանիել Աբովյանը հավաստիացրել է, որ ճանապարհը շահագործման կհանձնվի հունիսին, եւ ամբողջությամբ կլինի անվտանգ երթեւեկության համար:

Վազաշեն գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է սահմանամերձ գյուղի կարեւորությունը` անհրաժեշտ համարելով համայնքի զարգացման ուղղությամբ յուրաքանչյուրի ներդրումը:

Ազգային ժողովի նախագահը կարեւորել է այս համայնքներում դեմոգրաֆիական խնդիրը: Նա անհրաժեշտ է համարել սահմանամերձ համայնքներում ծնելիության խթանմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Հովիկ Աբրահամյանը խոստացել է, որ 2014 թվականից յուրաքանչյուր ընտանիքում ծնված երեխայի համար Ազգային ժողովը կփոխանցի 100.000-ական դրամ` ներառելով 2013թ. ծնվածներին: ԱԺ նախագահը կարեւորել է բնակիչների հետ բարձրաստիճան պատոնյաների պարբերական շփումները:

Հովիկ Աբրահամյանի հաջորդ կանգառը Ազատամուտ համայնքն էր: Նա ծանոթացել է մշակույթի տան, ինչպես նաեւ մանկապարտեզի շենքային պայմաններին եւ խոստացավ աջակցել առկա խնդիրների լուծմանը եւ խոստացել ֆինանսական աջակցություն հատկացնել երաժշտական դպրոցին: