Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Էդվին Վալերոն ապրիլի 19-ին Կարակասի բանտերից մեկի բանտախցում ինքնասպան է եղել։ Մարզիկը մահացել է կնոջը սպանելու պատճառով ձերբակալվելուց մի քանի ժամ հետո, հայտնում է АР-ն։ Բանտի աշխատակիցները հաստատել են, որ Վալերոն կախվել է իր իսկ շորերով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Էդվին Վալերոն ձերբակալվել էր կնոջը սպանելու մեղադրանքով։ Բռնցքամարտիկի կինը հյուրանոցներից մեկում մահացել էր դանակի հարվածներից։

Ինչպես հայտնում է Fightnews.com-ը, ամուսինները միմյանց հետ անախորժություններ են ունեցել։ Մարտին բռնցքամարտիկի կինը հիվանդանոց էր տեղափոխվել սալջարդով ու թոքի վնասվածքով։ Սակայն ամեն անգամ հիվանդանոցում հայտնվելիս նա հրաժարվել է մեղադրանք ներկայացնել ամուսնուն։ Վերջին անգամ բռնցքմարտիկի կինը հայտարարել էր, որ վնասվել է տան աստիճաններից ընկնելու հետեւանքով։