Կենսաթոշակային բարեփոխումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի բանկային համակարգի վրա: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողներին հայտնել է ՀՀ Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը: «Այն ազդեցությունը, որը բարեփոխումը կունենա Հայաստանի ֆինանսական շուկայի վրա, օգտակար կլինի բանկերի համար», - վստահեցրել է նա: Ըստ Ճզմաչյանի՝ հատկապես կօգնի հենց ընդհանուր ազդեցությունը շուկայի վրա: Դեպոզիտային բանկերի ուղիղ եկամուտներն այնքան էլ էական չեն:
Միության նախագահը նշել է, որ Հայաստանի բանկերը շարունակում են կատարել իրենց դեպոզիտային պարտավորությունները՝ կենսաթոշակային հաշիվների մասով: ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, ինչպես գիտեք, չի դադարել գործել: Սահմանադրական դատարանը ժամանակավորապես կասեցրել է միայն երկու կետ՝ ոչ ամենակարեւորները», - ասել է Ճզմաչյանը: Նա հավելել է, որ բանկերի աշխատակիցները ջանասիրաբար կատարում են կենսաթոշակային բարեփոխման բոլոր դրույթները:
Հիշեցնենք, որ Հայաստանում ընտրվել են ֆինանսական վեց հաստատություններ՝ հաճախորդների կենսաթոշակային հաշիվները սպասարկելու համար. «Հայփոստը» եւ հինգ բանկ՝ «ՎՏԲ (Հայաստան)», «Արարատբանկ», «Արդշինինվեստբանկ», «Հայբիզնեսբանկ», HSBC:
2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը: Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը նախքան խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրել է օրենքի որոշ դրույթներ: Դրանից հետո Երեւանում տեղի են ունենում բողոքի ցույցեր, քանի որ գործատուները, այնուամենայնիվ, աշխատակիցների աշխատավարձերից կենսաթոշակային պահումներ են կատարում: Բողոքի ցույցերը գնալով տարածվում են:



























