Հաճախորդների սպասարկման բարելավման եւ մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկն անցում կկատարի «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատանքի: Յունիբանկի մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ նման որոշման շնորհիվ, ավանդի, վարկի, բանկային քարտի ձեւակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ  սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլեւս չկա:

Յունիբանկի երկու` «Օպերա» եւ «Աճառյան» մասնաճյուղերն արդեն հաճախորդների սպասարկման  գործընթացն իրականացնում են «մեկ պատուհանի» սկզբունքով: Արդյունքում մի քանի անգամ մեծացել է հաճախորդների սպասարկման արագությունը եւ բարձրացել  մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը: Մինչեւ այս տարեվերջ բանկի բոլոր 46  մասնաճյուղերը փուլ առ փուլ կանցնեն հաճախորդների սպասարկման նոր ձեւաչափին:

«Մեր հաճախորդներն արդեն հնարավորություն ունեցել են գնահատելու «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկվելու առավելությունը երկու մասնաճյուղերում: Այդ կերպ մենք ապահովում ենք աշխատանքի արագությունը եւ խնայում մեր հաճախորդների ժամանակը։ Հաճախորդների թվաքանակի ավելացումն ու բիզնեսի ծավալների աճը ենթադրում են նոր մասնաճյուղերի բացում ու սպասարկման գործընթացի շարունակական բարելավում: Սպասարկման արագությունն ու հարմարավետությունը մեր հաճախորդների պահանջն է եւ մենք պատրաստակամ ենք այն բավարարելու», - ասել է Յունիբանկի վարչության նախագահ Վարդան Աթայանը:

Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 220 հազար հաճախորդի: