Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կայքից:

Նախաձեռնության անդամները հայտնում են, որ աշխատակիցներին հեռացրել են այսօր. «Սա ակնհայտ ճնշում է աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների:

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը կանգնելու է այս աշխատակիցների կողքին, քանի որ այս քայլերը նպատակաուղղված են աշխատանքից հեռացնելու ուղով ոչ միայն լռեցնել մարդկանց, ովքեր բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին ու փորձում գործնական քայլերով պաշտպանել դրանք, այլև վախեցնել մյուս աշխատակիցներին, որպեսզի աշխատանքի կորստի սպառնալիքից ելնելով որևէ կերպ չընդվզեն իրենց իրավունքների ոտնահարման դեմ»:

«Դեմ եմ»-ը կոչ է անում փաստաբանների ցուցաբերել իրենց աջակցությունը՝ իրավունքների պաշտպանության համար դատական հայցերի հարցում:

«Առաջարկում ենք նաև սկսել դրամական հանգանակություն այս քաղաքացիներին աջակցելու և նրանց գործերով դատական հայցերի ծախսերի հոգման համար:

Իսկ գործատուներին խնդրում ենք աջակցել այս մարդկանց աշխատանք ապահովելու հարցով, որպեսզի վերջիններս կարողանան հոգալ իրենց ընտանիքի կենսական անհրաժեշտության կարիքները»,- ասվում է կայքում:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Երևանի Մետրոպոլիտենի  մոտ երկու տասնյակ աշխատակիցներն առավոտյան ժամը 10:00-ից հավաքվել էին Մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի մոտ՝ բողոքելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am