Ավստրիայում փետրվարի 17-ին դատական գործընթաց է սկսվում աղմկահարույց կոռուպցիոն գործի առթիվ: Մասնակիցներից մեկը Ադրբեջանի Ազգային բանկի նախագահ Էլման Ռուստամովն է:
Մեղադրյալի նստարանին են նաեւ Ավստրիայի Կենտրոնական բանկի կառավարիչի նախկին տեղակալ Վոլֆգանգ Դուչաթեքը, Կենտրոնական բանկի կառավարման խորհրդի անդամ Ջոբ Միլիքն ու այլոք: Դատական նիստը նախագահելու ավստրիացի դատավոր Գեորգ Օսչակը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ավստրիայի իրավապահ մարմինները մեղադրում են Ավստրիայի Կենտրոնական բանկի կապալառու “OeBS” ընկերությանը, որը զբաղվել է թղթադրամների եւ թանկարժեք թղթերի տպագրությամբ Ադրբեջանի եւ Սիրիայի կենտրոնական բանկերի հետ կոռուպցիոն գործարքներում: Քրեական գործի նյութերի համաձայն՝ 2005-2011թթ. “OeBS” ընկերությունը համաձայնություն է կնքել Ադրբեջանի կենտրոնական բանկի հետ Ադրբեջանի համար թղթադրամների տպագրության համար: Սակայն ընկերության ներկայացուցիչները «օտկատի» 20 տոկոսը վճարել են Ադրբեջանի Կենտրոնական բանկին:
«Օտկատը» փոխանցել են պանամայական օֆշորային ընկերություններից մեկի հաշվին: Կոռուպցիոն գործարքը Ավստրիայում մեծ աղմուկ է բարձրացրել: “OeBS” ընկերության նախկին գլխավոր տնօրեն Մայքլ Վոլֆը, ինչպես նաեւ ընկերության 9 ներկայացուցիչներ մեղադրվում են ավստրիական արդարադատության կողմից կազմակերպված հանցախումբ ստեղծելու եւ փողեր լվանալու մեջ: Մեղադրական վճիռ կայացնելու դեպքում նրանց սպասվում է նվազագույնը 10 տարվա ազատազրկում:
83 էջից բաղկացած մեղադրական ակտը պարունակում է մեղադրանք Ադրբեջանի ազգային բանկի նախագահ Էլման Ռուստամովի դեմ: Գործում առկա են անհերքելի ապացույցներ, որ ավստրիացիները Ադրբեջանի ազգային բանկի ղեկավարությանը 14 մլն եվրո են փոխանցել: Գումարը փոխանցվել է պանամայական «Venkoy» օֆշորային ընկերության հաշվին, որը գրանցված է 73-ամյա կնոջ անունով: Սակայն, մեղադրական կողմի պնդումների համաձայն, կաշառքի մի մասը Ադրբեջանի կենտրոնական բանկի ներկայացուցիչները ստացել են կանխիկ: Այդ նպատակով Բաքվից Վիեննա են ժամանել հատուկ մարդիկ:
Ավստրիական դատախազությունը ադրբեջանական կողմին դատավճիռ չի ներկայացնի, սակայն նիստի ընթացքում կարող են բացահայտվել կոռուպցիոն գործարքների ցնցող մանրամասներ ադրբեջանական Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ:


























