Աշխատանքից ազատված Մետրոպոլիտենի 3 աշխատակիցները մտադիր են դատական կարգով իրենց իրավունքները վերականգնել: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասացին Մետրոպոլիտենի աշխատանքից ազատած աշխատակիցներ Գագիկ Գալստյանը և Անդրանիկ Գևորգյանը:
«Մեր կարծիքով՝ հենց կուտակայինի դեմ բողոքի ակցիան էր պատճառը, որ մեզ ազատեցին աշխատանքից»,- ասացին աշխատակիցները՝ նշելով, որ ակցիայից կես ժամ հետո իրենց կանչել են տնօրենի աշխատասենյակ եւ մեղադրել ակցիան կազմակերպելու համար։
Գագիկ Գալստյանն ու Անդրանիկ Գեւորգյանը Մետրոպոլիտենում աշխատել են 15 տարի։ Նրանց խոսքով՝ այս ընթացքում իրենց աշխատանքի հետ կապված ոչ մի գրավոր բողոք չեն ստացել:
Հիշեցնենք, որ Մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ հեռացումը ոչ մի կապ չունի բողոքի հետ. «Ժողովրդական լեզվով ասեմ՝ այդ մարդիկ հազար անգամ թուքումուր կերած մարդիկ են, իրանց ասած կամ չասած»:
Երեք աշխատակիցներին ազատել են ակցիայի օրը՝ փետրվարի 12-ին, առանց նախազգուշացման: Ընդ որում, Անդրանիկ Գեւորգյանը ծնվել է 1974-ից առաջ եւ պարտադիր կուտակայինը նրա վրա չի տարածվում։
«Ես իմ անձնական կարծիքն ունեմ, որ դա սահմանափակում է մարդու իրավունքները: Եթե լավ բան է, ինչո՞ւ են պարտադրում», -ասաց նա։
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները, որոնք նույնպես մասնակցում էին ասուլիսին, հայտարարեցին, որ սա ճնշում է իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիների վրա։ «Դեմ եմ»-ի անդամները օգնելու են Մետրոպոլիտենի աշխատակիցներին վերականգնել իրենց իրավունքները։
Մետրոպոլիտենի աշխատակիցները նշեցին, որ իրենք նաև դիմել են «Մարդու իրավունքների պաշտպանի» գրասենյակ, սակայն իրենց ասել են, որ անվճար փաստաբան չեն կարող տրամադրել, քանի որ նման ծառայություն չունեն:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Երևանի Մետրոպոլիտենի մոտ երկու տասնյակ աշխատակիցներն առավոտյան ժամը 10:00-ից հավաքվել էին Մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի մոտ՝ բողոքելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը փետրվարի 14-ին տարածել էր հաղորդագրություն, ըստ որի ակցիայից հետո երեք աշխատակից՝ Անդրանիկ Գեւորգյանը, Սևակ Հովհաննիսյանը եւ Գագիկ Գալստյանը հեռացվել են աշխատանքից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am


























