«Թուրքիայի նպատակները հստակ են. Հարավային Կովկասում նոր փուլ սկսել, որը հիմնված կլինի բոլոր կապերի կարգավորման, սահմանների բացման, վստահության եւ անվտանգության վրա»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդրայովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Դավութօղլուն հույս է հայտնել, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ դա հնարավոր կլինի»: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ադրբեջան կարեւոր բնույթ է կրում: Մենք կապեր կպահենք բոլոր կողմերի հետ եւ կանենք հնարավորը նախանշված նպատակին հասնելու համար»,- ասել է նա: Ըստ Դավութօղլուի՝ տարածաշրջանում լարվածության ուժգնացումն անցանկալի է: «Մենք „ուշադիր հետեւում“ ենք ղարաբաղյան կարգավորման մադրիդյան սկզբունքների շուրջ գործընթացներին: Դեռ վաշինգտոնյան այցից առաջ ես եւ վարչապետը Փարիզում հանդիպել ենք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Ապա Վաշինգտոնում հանդիպել ենք մեկ այլ համանախագահ երկրի՝ ԱՄՆ նախագահի հետ: Թուրքիայի վարչապետը հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ: Մենք բաց հասկացրել ենք բոլոր համանախագահներին եւ Հայաստանին, որ Մադրիդյան սկզբունքները մեծ հնարավորություններ են ստեղծում: Յուրաքանչյուրը պետք է օգտվի այդ հնարավորությունից»,- ասել է Դավութօղլուն:
Իր հերթին Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե դեռ վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մեծ առաջընթացի մասին: «Մեզ համար կարեւորը Թուրքիայի օգնությամբ կարգավորման գործընթացի աշխուժացումն է»,- ասել է նա:




























