Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ իմ դիրքորոշումը բացարձակապես չի հակասում այն տեսակետներին, որոնք արտահայտվել են կուսակցության առաջնորդի կողմից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 7-րդ համագումարից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը։
«Այն, ինչ պարոն Ծառուկյանը ասել է մեր հարաբերությունների մասին հատկապես Ռուսաստանի հետ, դա կուսակցության դիրքորոշումն է։ Դժվար լինի մեկը, ով այլ կերպ մտածի, Հայաստանը ՌԴ-ի հետ պետք է բարձր մակարդակի հարաբերություն ունենա, երկու կարծիք չի կարող լինել։ Բայց Մաքսային միությունը բոլորովին այլ որակ է։ Իմ դիրքորոշումը ՄՄ-ի հետ կապված բացարձակապես չի հակասում բացարձակապես այն տեսակետներին, որոնք արտհայտվել են կուսակցության առաջնորդի կողմից»,- ասաց Վարդան Օսկանյանը։
Նա՝ որպես արտաքին գործերի նախկին նախարար, ով լավ ծանոթ է դիվանագիտական հարաբերություններին, ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերություններին,շեշտեց, որ « մենք մեզ նման ընտրության առաջ պետք է երբեք չդնեինք». «Սրա մասին պետք էր վաղ մտածել, որպեսզի մենք մեզ չփակեինք ԵՄ-ի ընձեռած հնարավորության առաջ, միաժամանակ պահպանելով Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները։ Այժմ բոլորովին այլ իրավիճակում ենք, որը մեր ժողովրդի շահերից չի բխում»,- ասաց Վարդան Օսկանյանը։
Նա շեշտեց, որ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ ոչ մի հստակ բան չկա, առկա է ճանապարհային քարտեզը, որը շփոթություն է առաջացնում. «Ասվում է, որ բոլոր այն երկրները, որոնք Մաքսային միության անդամ չեն, Հայաստանը պետք է վերանայի իրենց հետ պայմանագրրը, սա բավարար է մեզ բոլորիս սթափեցնելու համար, մենք մեր նախորդ 23 տարվա փորձը պետք է վերանայենք։ Դատելով իրար հակասող հայտարարություններից՝ ես այսօր խիստ կասկածում եմ, որ իսկապես այն մարդիկ, ով նախաձեռնել են այս բոլորը, լավ չեն պատկերացնում, թե Հայաստանը ինչ ճանապարհով է գնալու ՄՄ, սա բացարձակապես կապ չունի ռուսամետ լինելու, չլինելու հետ։ Մենք չենք կարող ՌԴ-ի հետ չունենալ բարձր մակարդակի հարաբերություններ,բ այց ՄՄ եւ ՌԴ-ի հետ հարաբերությունները երկու տարբեր հարթությունների վրա պետք է դիտարկել, սա կլիներ մեր դիվանագիտական հաջողությունը, բայց դժբախտաբար այս ընթացքը, որ մենք դրել ենք, ստիպված ենք եղել այդ երկուսը նույնացնել, ինչը լավ ճանապարհին մեզ չի դնում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ շեշտեց, որ «պարոն Օսկանյանը չի արել հայտարարություն, որը հակասի կուսակցության ծրագրերին, գաղափարներին»։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի դիրքորոշմանը Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ, Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ երբ պարզ կլինի Հայասռտանի տնտեսական շահերը անդամակցության դեպքում, այդ ժամանակ կհայտնեն իրենց տեսակետը։
«Կուսակցությունը ՄՄ-ի մասին հստակ դիքրոոշում չէր կարող հայտնել, քանի որ բացի անորոշ ճանպարհային քարտեզից, այլ հստակ տեղեկատվություն չկա, թե ինչ է շահելու Հայաստանը ՄՄ-ին անդամակցելով։ Փոխարենը ստալ է, թե ինչպես է տուժելու ՀՀ-ն անդամակցելով ՄՄ-ին։ Թանկացումների մասին առաջինը պաշտոնական հայտարարություն է արել Էկոնոմիկայի նախարարը՝ ասելով, որ 600 ապրանք թանկանելու է եւ դրանց մեջ առաջին կենսապահովման ապրանքները։ Երբ պարզ կլինի տնտեսական օգուտները ՄՄ-ին անդամակցելու, կասենք մեր դիրքորոշումը»,- ասաց խմբակցության քարտուղարը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

























