Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություններից մեկը դառնա, այլ ոչ թե պարտադրանք։ Այս մասին փետրվարի 15-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ, Հայաստանի առաջին օմբուդսմեն  Լարիսա Ալավերդյանը։

Նա նշել է, որ մարդու իրավունքների անկյունաքարերից մեկը սեփականության իրավունքն է, որի մեջ մտնում են նաեւ աշխատավարձն ու կենսաթոշակը։

Նրա խոսքով՝ բացի աշխատավարձի հիմնական պահումներից, մնացած պահումները մարդու իրավունքների խախտում են։ «Ձեր աշխատավարձը ձեր սեփականությունն է, եւ միայն դուք կարող եք որոշել՝ ինչպես այն տնօրինել»,- ընդգծել է նախկին օմբուդսմենը։

Ըստ Ալավերդյանի՝ թեեւ Հայաստանն ունի Սահմանադրություն, Սահմանադրական դատարան, սակայն սահմանադրականություն չկա: «Բոլորն ասում են՝սպասենք, տեսնենք՝ ինչ կվճռի ՍԴ-ն, սակայն մարդու իրավունքների խախտումը, որը սկսվում է պետական օրենսդիր, գործադիր մարմիններից, բիզնեսի ոլորտից, անդրադառնում է նաեւ քաղաքացիների իրավունքների եւ կենցաղի վրա»,- հավելել է նա:

Ըստ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահի՝ իշխանությունների այն հայտարարությունները, թե կուտակային կենսաթոշակային համակարգի շնորհիվ չգրանցված աշխատողները ստվերից դուրս կգան, ճիշտ չեն: «Մարդիկ չեն վստահում կենսաթոշակային նոր համակարգին եւ չգիտեն՝ ինչ կլինի 20-30 տարի անց, այդ պատճառով էլ շարունակում են համաձայնել ստվերային աշխատանքին: Այն ձեռնտու է եւ աշխատակիցներին, եւ գործատուներին»,- հավելել է Ալավերդյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am