Հայաստանի Մաքսային միություն մտնելը կնպաստի երկրի տնտեսական աճին։ Այս մասին ԵԿՄ համագումարի մասնակիցների հարցերին ի պատասխան նշել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Պետության ղեկավարը նշել է, որ 2013թ. երկրի տնտեսական աճը զիջել է 2012 թվականին. 7,2% աճի դիմաց 2013-ին գրանցվել է 3,5%։ Նրա խոսքով՝ այս միտումը բնորոշ է համաշխարհային տնտեսությանը։ Այսպես, Ռուսաստանի համար ԱՄՀ-ն 3,7% աճ էր կանխատեսել, իսկ իրականում եղավ 1,5%։ Համանման պատկերը բնորոշ է նաեւ եվրագոտու երկրների համար։ Նախագահի գնահատմամբ՝ Հայաստանում իրադրությունը շատ ավելի լավ է, քան մնացած երկրներում, բայց ավելի վատ, քան անհրաժեշտ է երկրի աճի համար։
2014թ. պետության ղեկավարը բարձր տնտեսական աճ է ակնկալում: «Վերջին 6 տարիների ընթացքում մեզ մոտ կայուն տնտեսական աճ կար: Միջին աշխատավարձը բարձրացել է առաջանցիկ տեմպերով»:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ արժեթղթեր են թողարկվել: «Մեզ ասում էին, որ մեզ ոչ ոք պարտք չի տա: Սակայն սեպտեմբերի 3-ից հետո, երբ մենք հայտարարեցինք ՄՄ-ին անդամակցելու մտադրության մասին, մեր երկրին առաջարկեցին 3 միլիարդ դոլար պարտք: Մենք 700 միլիոն դոլար վերցրինք՝ հետագայում վերադարձնել կարողանալու համար: Եթե մենք անկում ենք ապրում, ինչո՞ւ են մեզ պարտք տալիս համաշխարհային 60 ներդրողներ», - հարց է ուղղել նախագահը: Նա վստահեցրել է, որ տնտեսությունն առողջ է, ամուր, եւ բոլոր հիմքերը կան կայուն տնտեսական աճ ապահովելու համար: Նա նաեւ հավելել է, որ ՄՄ-ին անդամակցելու վերոնշյալ որոշումից հետո Հայաստանը տնտեսական աճի ավելի մեծ վստահություն ունի: Այս համատեքստում նախագահը պարզաբանել է, որ գրանցված տնտեսական աճի առյուծի բաժինը ՌԴ-ինն էր: «Այժմ մենք կօգտվենք ՄՄ-ի շուկայից, եւ աճը էլ ավելի մեծ կլինի», - վստահեցրել է Սերժ Սարգսյանը:


























