Նույնիսկ եթե «Կարեն Դեմիրճյանի անվան երեւանյան մետրոպոլիտենի»՝ աշխատանքից հեռացված աշխատակիցները չդիմեն «Ընդդեմ իրավական ամենաթողության» հասարակական կազմակերպությանը, այն ինքը նրանց կգտնի: Այդ մասին փետրվարի 15-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վերոհիշյալ կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Նա նշել է, որ թեեւ Մետրոպոլիտենի հեռացված աշխատակիցները պնդում են, որ «իրենց» ղեկավարները նման բան չէին անի, դա հրաման էր՝ տրված վերեւից, սակայն անօրինական հրամանը կատարողները նույնպես մեղավոր են:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Երեւանի մետրոպոլիտենի գլխավոր գրասենյակի մոտ էր հավաքվել երկու տասնյալ աշխատակից, որոնք բողոքում էին կուտակային թոշակի համակարգի դեմ: «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը փետրվարի 14-ին տարածել է հաղորդագրություն, որ Երեւանի մետրոպոլիտենի երեք աշխատակից աշխատանքից հեռացրել են այն բանից հետո, երբ նրանք մասնակցել են պարտադիր կուտակային թոշակի համակարգի դեմ ուղղված ակցիային: Սակայն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը պնդել է, որ աշխատակիցների հեռացումը կապված չէ ակցիային նրանց մասնակցության հետ: