Թբիլիսահայերի համագումարը ապրիլի 19-ին դիմել է Վրաստանի ղեկավարությանը՝ պահանջելով ճանաչել 1915 թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։

Կազմակերպությունը պաշտոնական նամակով դիմել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեին, բոլոր պատգամավորներին՝ անհատապես, ինչպես նաեւ մի շարք կուսակցությունների առաջնորդների։

Համագումարի անդամների կողմից խորհրդանշական 1915 ստորագրություն է հավաքվել։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում նախապես ծրագրված կերպով բնաջնջվեցին շուրջ 1.5 միլիոն հայեր։ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց եւ սպանվեց հայ ողջ մտավորականությունը։

1915-23 թթ. ընթացքում 1.5-2 միլիոն հայերի ոչնչացումը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են աշխարհի մի շարք երկրներ։