«Մշակութային ցեղասպանությունը ոչ միայն մեր մշակութային ժառանգության, կոթողների ու հուշարձանների ոչնչացումն է, այլեւ դրան յուրացումը»,- այսօր` ապրիլի 20-ին Երեւանում մեկնարկած «Մշակութային ցեղասպանություն» անվանումը կրող միջազգային գիտաժողովում ասաց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ հավելելով, որ թուրքերն ու ազերիները յուրացնում են ոչ միայն հայերի, այլեւ հույների, պարսիկների ու բալկանյան ժողովուրդների մշակույթները: «Պետք է համազգային ծրագիր լինի, որպեսզի հնարավոր լինի փրկել մեր մշակույթն ամբողջ աշխարհում, որովհետեւ նրանց յուրացման քաղաքականությունը երբեմն անտեսանելիորեն, բայց անընդհատ իր գործն անում է: Իսկ մենք դեռ մտածում ենք, թե արժե՞ ասպիրանտ ունենալ մշակութային ցեղասպանության ոլորտում»,- ընդգծեց Ա. Սիմոնյանը:

Իսկ ահա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ այլեւս բավարար չէ արձանագրել մշակութային ցեղասպանության աղաղակող փաստերը, այլ պետք է գործի անցնել: «Ժամանակն է, որ մշակենք ռազմավարություն, մշակութային ցեղասպանության դեմ պայքարելու համար»,- ասաց նա ու հիշեցրեց, որ 2008-ին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը բանաձեւի նախագիծ է ներկայացրել Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների պահպանության վերաբերյալ, ու թեեւ դա քննարկման չդրվեց, սակայն «սկիզբը դրված է» եւ պետք է այդ ուղղությամբ աշխատել:

Հ. Դեմոյանը տեղեկացրեց, որ իրենք Ցեղասպանության 100-ամյակի հետ կպված առաջարկություններ են պատրաստել, որոնցից մեկն էլ միջազգային նմանատիպ գիտաժողովների անցկացումն է, որոնք ուղեկցվելու են ֆիլմերի ցուցադրությամբ:

Նշենք, որ «Մշակութային ցեղասպանություն» միջազգային գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից եւ այլ երկրներից: Մի քանի գիտնականներ էլ չէին կարողացել ժամանել՝ Իսլանդիայի հրաբխից առաջացած մոխրային ամպի պատճառով: