Ապրիլի 19-ին «Նոր Ժամանակներ» կուսակցության վարչությունը պաշտոնական նամակ է ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, որում հիշեցնում է, որ ՍԴ-ն քննության առնելով 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, կայացրել է որոշում, որում ՍԴ իրավական դիրքորոշումների մեջ հստակորեն պարտադրվել է, որ «ՀՀ կողմից ձեռնարկվող քայլերը` նախատեսվող պարտավորությունների ստանձնման և դրանց կատարումն անհրաժեշտ օրենսդրական ու կառուցակարգային երաշխիքներով ապահովելու ուղղությամբ, ներդաշնակ լինեն դատարանի որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին»:
Նամակում հիշատակվել է նաև ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի մեկնաբանությունն առ այն, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ. Հունվարի 12-ի հիշյալ որոշումը պետք է դիտարկել որպես ամբողջական փաստաթուղթ` ներառյալ նրանում ամրագրված ՀՀ ՍԴ իրավական դիրքորոշումները:
Այնուհետեւ ՆԺԿ վարչությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը, անտեսելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, ՀՀ Ազգային Ժողովի վավերացմանն է ներկայացրել հիշյալ արձանագրությունները՝ դրանցում չներառելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված կետերի պահանջները, սույնով կատարել է հակասահմանադրական քայլ` խախտելով ՀՀ Սահմանադրության 5, 6, 100 և 102 հոդվածների համապատասխան դրույթները:
Նույնաբովանդակ նամակ է ուղարկվել նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին:




























