Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ հիմնում է «Հիշողության պուրակ»: Այն կհիմնվի ապրիլի 22-ին` Երկրի օրը, որը նվիրված է 1915 թվականի մեր նահատակների հիշատակին:

Հիմնադրամի նախաձեռնությամբ Արևմտյան Հայաստանից բերված 95 եւ ավելի տնկիներով պուրակը պատմական հայրենիքը հիշեցնող մի փոքրիկ խորհրդանշական վայր կդառնա: Ծառատունկին կմասնակցեն բազմաթիվ հյուրեր, ովքեր Հայաստան են ժամանում ապրիլի 22-ին` Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով: Ծառատունկի յուրաքանչյուր մասնակից իր տնկած ծառին կփակցնի «Ես հիշում եմ» մակագրությամբ ժապավեն:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր տարածքով ոչ միայն յուրահատուկ սրբատեղի է, այլև մեր քաղաքի կարևոր կանաչ գոտիներից մեկը: Հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի արդեն հուշահամալիրի տարածքում կտեղադրվեն աղբամաններ, հուշահամալիրի կանաչ գոտու խնամքի համար արդեն ձեռք են բերվել համապատասխան գործիքներ:

Բացի այդ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար Հիմնադրամի ջանքերով ձեռք է բերվել հազվագյուտ արժեքավոր գրականություն, որի մի զգալի մասը ձեռք է բերվել ԱՄՆ-ից` Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ: Գրքերի ձեռքբերման հարցում աջակցություն են ցուցաբերել նաև անհատներ և առանձին կազմակերպություններ: Դրանք արժեքավոր գրքեր են մասնավոր հավաքածուներից` հիմնականում այլազգի հեղինակների փաստագրական արժեքավոր վկայություններ:

Նվիրաբերված գրքերը կհանձնվեն անձամբ Ցեղասպանության թանգարան-իստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին, գլխավոր ծառատունկի օրը` ապրիլի 22-ին, «Հիշողության պուրակի» պաշտոնական բացման արարողության ժամանակ:

Դրանից զատ, այս տարի առաջին անգամ Անմար կրակի շուրջ դրված ծաղիկները «Արևորդի» էկո-ակումբների սաների օգնությամբ կվերածվեն ինքնատիպ և խորhրդանշական հուշագրերի և շնորհակալագրերի: