Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի ծրագրերի ղեկավար դոկտոր Շտեֆան Շոլցի գլխավորած պատվիրակությանը, եւ ներկայացրել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ուղղություններն ու այն խնդիրները:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում եղել են նաեւ Հարավային Կովկասում Ավստրիայի զարգացման գործակալության ղեկավար Գունտեր Զիմերը եւ Ավստրիայի զարգացման գործակալության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Զեյները:

Նախարարը մասնավորապես կարեւորել է կոոպերատիվների ձեւավորման, հողերի խոշորացման, ջերմոցային տնտեսությունների զարգացման, ձկնաբուծության եւ այլ ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

«Մենք ունենք թե՛ արտադրության, թե՛ արտահանման ծավալները զգալիորեն ավելացնելու իրատեսական հնարավորություններ եւ համոզված եմ, որ գյուղատնտեսության ոլորտում ներդրումներն արդարացված կլինեն»,- նշել է նախարարը:

Այնուհետեւ կարեւորելով ավստրիական կողմի հետ նախկինում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, նախարարը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի հնարավորություն տալով Հայաստանին մասնակցելու Զարգացման գործակալության կողմից իրականացվող տարածաշրջանային մյուս ծրագրերին:

Ռոբերտ Զեյները համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերից հատկապես կարեւորել է Գյուղատնտեսության համատարած հաշվառման, ինչպես նաեւ անտառային տնտեսությունների զարգացման ծրագրերը:

Նկատի ունենալով վերջիններիս արդյունավետությունը, նա հույս է հայտնել, որ հետագայում եւս կշարունակեն աջակցել Գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման եւ վերամշակող հզորությունների ստեղծմանն ուղղված նոր ծրագրերին:

Հանդիպման ընթացքում կողմերը համակարծիք էին, որ առաջարկվող ծրագրերը պետք է բխեն ՀՀ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունից եւ լրացուցիչ, խորը ուսումնասիրությունների անհրաժեշտություն ունեն: