«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը համոզված է, որ փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՀՀ նախագահի ելույթը եւ արտահայտած դիրքորոշումը բացահայտ ճնշում է ՀՀ սահմանադրական դատարանի վրա: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության կայքից:
«Այն փաստը, որ նախագահի համար Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող օրենքը, որի որոշ հոդվածներ նույնիսկ կասեցված են, ընդամենը պարունակում է անհաջող ձեւակերպումներ եւ դրանց փոփոխումը իմաստի փոփոխման չի բերելու, մենք գնահատում ենք որպես անարգանք Սահմանադրական դատարանի ինստիտուտի հանդեպ եւ ակնհայտ ճնշում Բարձրագույն դատարանի վրա:
Ժողովրդավար երկրներում երբեք չեն իրականացվում փոփոխություններ, այն էլ բարեփոխում անվան ներքո, որոնց դեմ է արտահայտվում բնակչության 80%-ը: Նախագահի խոսքից ակնհայտ է, որ մենք, փաստորեն, ժողովրդավար երկրում չենք ապրում:
ՀՀ կառավարությունն ու նախագահը, մեղմ ասած, արհամարհում են ժողովրդի մեծամասնության կարծիքն ու պարտադրում իշխող նեղ խմբակի որոշումները՝ մոռանալով, որ իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին: Կոչ ենք անում ՍԴ-ին չենթարկվել ճնշումներին եւ իր վերջնական ու պարտադրող որոշմամբ, անդավաճան մնալով իր կոչմանն ու առաքելությանը, վերահասատատել ժողովրդի իրական կամքը՝ ստիպելով կառավարությանը հարգել Սահմանադրությունը, ենթարկվել ժողովրդի կամքին ու չփորձել յուրացնել իշխանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:


























