Թուրքիայի Ադանա քաղաքում 1000 ոստիկանի եւ ուղղաթիռների աջակցությամբ գործողություններ են իրականացվել թմրաբիզնեսով զբաղվող կոնո ցեղի ներկայացուցիչների նկատմամբ:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Թուրքիայի Մաքսանենգության եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ջոկատները երկար ժամանակ տեւած նախապատրաստական աշխատանքներից հետո անցել են ակտիվ գործողությունների: Հարվածի տակ են հայտնվել Ադանայի նահանգում բնակվող կոնո ցեղի ներկայացուցիչները, ովքեր զբաղվում են թմրաբիզնեսով:
Թուրքիայի անվտանգության ուժերի տարբեր ստորաբաժանումների մոտ 1000 ներկայացուցիչ, որոնց աջակցել են ոստիկանական ուղղաթիռները, մասնակցել է զանգվածային ձերբակալությունների գործողություններին: Բերման է ենթարկվել 40 հոգի: Առգրավվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ եւ զենք:




























