Գազամատակարարման խնդիրներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը «խորհրդարանական բոլոր ուժերի սրտով է»: Այս մասին այսօր` փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ԱԺ իշխանական կոալիցիոն ուժերը (ՀՀԿ, ՕԵԿ) նախ փետրվարի 5-ին դեմ քվեարկեցին խորհրդարանական ոչ իշխանական 4 խմբակցությունների (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն) առաջարկին՝ ստեղծելու Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին, իսկ օրեր անց առաջարկեցին ստեղծել այդ հանձնաժողովը:

«Բացարձակապես որեւէ հակառակ խնդիր չկա, պարզապես կոալիցիոն ուժերը քննարկում էին այդ առաջարկությունները, երբ  եղավ առաջարկ նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերի կողմից: Մենք ավելի խորն ուսումնասիրեցինք խնդիրը, հանեցինք քաղաքացիներին մտահոգող բոլոր խնդիրները գազի հետ կապված, որպեսզի որեւէ թիրախ չմնա: Կարծում եմ, որ հանձնաժողով ստեղծելը բոլորիս սրտով է»,- ասաց նա:

Հեղինե Բիշարյանի խոսքով՝ հանձնաժողովը կտա քաղաքացիներին մտահոգող բոլոր հարցերի պատասխանները. «Մենք բողոքում ենք գազի գնից, որակից: Բարձրաձայնվող բոլոր խնդիրները կքննարկվեն, կուսումնասիրվեն մինչեւ նոյեմբեր: Դրա հետ մեկտեղ կլինեն հարցեր, որոնց պատասխանները կտրվեն ժամկետից շուտ»:

Պատգամավորը նշեց, որ այս պահին 4 խմբակցություններն ուսումնասիրում են իշխանական կոալիցիոն ուժերի առաջարկած նախագիծը եւ փետրվարի 21-ին կայանալիք հանդիպման ժամանակ հնարավոր է նոր առաջարկներ անեն:

«Փետրվարի 24-ին արդեն կստեղծվի արդեն աշխատանքային խումբը, որի մեջ կընդգրկվեն 4 ներկայացուցիչ ՀՀԿ-ից, իսկ մյուս կուսակցություններից կլինի 1-ական ներկայացուցիչ: Հանձնաժողովը կունենա նախագահ եւ տեղակալ»,- եզրափակեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ փետրվարի 17-ին խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն: Կոալիցիան ներկայացրել էր գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։ ԱԺ 4 ոչ կոալիցիոն ուժերի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել քննարկել այն եւ առաջիկայում պատասխանել: Ավելի վաղ՝ փետրվարի 5-ին ԱԺ մեծամասնությունը 44 կողմ, 58 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնությունը՝ ընդունել ԱԺ որոշում  «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: