Մինչ Հայաստանում աշխույժ քննարկումներ են գնում Մաքսային Միությանը միանալու դրական ու բացասական կողմերի մասին, հայ եւ ռուս գործարարները գործնականում քննարկում, համագործակցության ծրագրեր են մշակում Երեւանում։

ՀՀ  առեւտրաարդյունաբերական պալատի նիստերի դահլիճում աշխատանքն սկսեց Երեւանի եւ Մոսկվայի առեւտրաարդյունաբերական պալատների կողմից կազմակերպված գործարար համաժողովը, որին մասնակցեցին հայ եւ ռուս գործարարներ, ոլորտների պատասխանատուներ։

Պաշտոնական մասից հետո սկսված դեմ առ դեմ հանդիպման ժամանակ հայ եւ ռուս գործարարները որոշակիացրեցին փոխադարձ ներդրումների ու առեւտրային կապերի շրջանակները, կնքեցին մոտակա եւ հեռագնա աշխատանքային պայմանագրեր՝ դրանցում ներառելով նաեւ Մաքսային Միության ձեւավորման ու այդ միության պահանջներին համապատասխան աշխատանքները կազմակերպելու խնդիրները։

Գործարար համաժողովի մասնակիցները այսօր մայրաքաղաքի տրանսպորտային, շինարարական եւ ներդրումային գործունեությունը բարելավելուն ուղղված  հանդիպում ունեցան  Երեւանի քաղաքապետարանում, ծանոթացան Հայաստանի տեսարժան վայրերին, կայցելեն նաեւ Երեւանի մեծ ու փոքր արդյունաբերական ձեռնարկություններ, տեղերում կծանոթանան Հայաստանի կողմից առաջարկվող ապրանքատեսակներին, կկնքեն համագործակցության պայմանագրեր։

Եռօրյա գործարար այցը վաղը կավարտի աշխատանքը։