«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանն առաջարկում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարելու նոր տարբերակ՝ կանխիկացնել ամբողջ աշխատավարձը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկը նշեց, որ այս կերպ կառավարության տրամադրության տակ գտնվող փողերը կքչանան:

«Կառավարությունը ուզում է կանխիկ փողերը մտցնել շրջանառության մեջ ու փոխանցել արտերկիր, որոնք կատարվելու են բանկերի եւ ֆոնդերի միջոցով: Փողերը բանկից միանգամից հանելը բանկերին միաժամանակ զրկելու է մեծ գումարից: Այդ քայլով Կառավարության տրամադրության տակ գտնվող փողերը մենք քչացնում ենք»,- ասաց Հայկը:

Հայկ Ավետիսյանն օրենքի դեմ պայքարողներին հորդորում է բոլոր տեսակի բանկային քարտերից կանխիկացնել գումարը. «Այսինքն կառավարությանը զրկենք շրջանառվող փողերի մի մասից, իսկ գործարքներն անել առանց քարտի, ավանդները նույնպես հանել»:

Հիշեցնենք , որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: