Ռուսական ավտոգործարանները հետաքրքրվում են հայկական արտադրության ուժակուտակիչներով, փետրվարի 18-ին կառավարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը: Ըստ նրա՝ փետրվարի 4-5-ին Միասնական տնտեսական հանձնաժողովի տնտեսական բաժնի ղեկավարներն աշխատանքային հանդիպման նպատակով այցելել էին Երեւան:

«Մենք մեր արտադրողների հետ նրանց հանդիպումը կազմակերպեցինք, այդ թվում՝ «Էլբատ» ուժակուտակիչների գործարանում: Արդեն պայմանավորվածություններ կան ռուսական գործարաններում ուժակուտակիչների օգտագործման մասին: Կան նաեւ այլ ապրանքներ, որոնց համար հեռանկարային շուկա կարող են դառնալ Բելառուսն ու Ղազախստանը», - հայտարարել է Հարությունյանը: