Caspian Airlines իրանական ավիաընկերությունը չի մեկնաբանում իտալական «Corriere della sera» պարբերականում այսօր հայտնված տեղեկությունը, թե Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի կործանման պատճառը բեռնային հատվածում տեղի ուենցած պայթյունն է, որտեղ «Հզբոլլահի» համար նախատեսված զենք է եղել:
Համաձայն իտալական պարբերականի՝ բացի ուղեւոների ուղեբեռներից, բեռնային մասում եղել են մեծ քանակությամբ նորագույն դետոնատորներ, որոնք բաղկացած են եղել էլեկտրոմեխանիզմից եւ 2 կգ պայթուցիկից: Զենքը նախատեսված է եղել «Հզբոլլահի» մարտիկների համար, եւ այն Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով պիտի հասցվեր Սիրիա, իսկ Սիրիայից՝ Լիբանան:
Caspian Airlines-ի հայաստանյան ներկայացուցչությունից NEWS.am-ին հայտնեցին, թե իրենք դեռւես հստակ տեղեկություններ չունեն ինքնաթիռի վթարման պատճառների մասին, քանի որ «սեւ արկղերը» դեռ վերծանված չեն: «Նման ենթադրություններ անելը, սակայն, համարում ենք ոչ տեղին»,- ասացին ընկերությունից:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր էր ընկել Caspian airlines-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել էր 168 մարդ, այդ թվում ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել էին: Ուղեւորների թվում եղել էին տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:




























