Քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման եւ ներդրումային նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ առաջարկներ են քննարկվել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գործարարների հետ Երեւանի քաղաքապետարանում հրավիրված կլոր սեղան-քննարկման շրջանակում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, նկատել է, որ պարբերաբար կազմակերպվող նման հանդիպումներն արդյունավետ համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծում, որոնք, անշուշտ, նպաստում են քաղաքային տնտեսության զարգացմանը:

«Երեւանի քաղաքապետարանի եւ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած սկզբունքն այսօր մայրաքաղաքը երեւանցիների համար առավել հարմարավետ ու անվտանգ դարձնելն է, եւ այդ ուղղությամբ իրականացվում են ներդրումային բազմաթիվ ծրագրեր: Երեւանում Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացումն ու նաեւ այդ երկու քաղաքներում կազմակերպված Երեւանի օրերի շրջանակում տեղի ունեցած համաժողովներն ու հանդիպումները եղել են արդյունավետ եւ հիմք դրել համատեղ ծրագրերի: Վստահ եմ, որ մեր այս երկու հանդիպումները եւս կբերեն շոշափելի արդյունքներ»,- ընդգծել է Արմեն Հարությունյանը:

ՀՀ-ում ՌԴ առեւտրային պալատի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, իր հերթին կարեւորելով նման հանդիպումների կազմակերպումն ու անցկացումը, նշել է, որ փոխգործակցության է՛լ ավելի ակտիվացումը կնպաստի երկկողմ գործակցային կապերի ամրապնդմանը եւ նոր հնարավորություններ կստեղծի այլ ոլորտներում եւս համագործակցությունը խորացնելու համար:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցություն սկսելու վերաբերյալ, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել սեղմ ժամկետում ուսումնասիրել ներկայացված առաջարկներն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել: