Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային  ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կառավարության ղեկավարին է ներկայացվել «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, վերջինիս տնտեսական ու տեխնիկական հիմնավորումը:

Երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից եւ 60 թունելներից, կունենա 27 կայարան:

Երկաթգծի կառուցումը նախնական գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ շինարարությունը կտեւի մինչեւ 6 տարի: Ըստ ներկայացված ծրագրի՝  շինաշխատանքները կարող են մեկնարկել 2016 թվականին եւ ավարտվել 2022 թվականին:

«Անհրաժեշտ է մշակել աշխատանքների իրականացման «ճանապարհային քարտեզ», որպեսզի նախագիծը դառնա իրականություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Երկաթգծի նախագիծը մշակվել է Չինաստանի հաղորդակցության եւ շինարարության միջազգային ընկերության (CCCC International) կողմից, որն այս բնագավառում ունի երկարատեւ փորձ եւ մեծ ճանաչում:    

«Ռասիա ՖԶԷ» ներդրումային  ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ներդրումների ներգրավման ուղղությամբ: Նշվել է, որ չինական բանկերը հետաքրքություն են ցուցաբերել նախագծի նկատմամբ եւ պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը: