ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կարեւորում է քաղաքացիական հասարակության դերը քաղաքականության մշակման եւ կառավարությանը հաշվետու պահելու գործընթացում: Այս մասին նշված է Գրասենյակի՝ 2012 թվականի տարեկան զեկույցում:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «2012թ. կազմակերպությունը ակտիվ գործունեություն է ծավալել ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում: Գործունեության զգալի մասն ընդգրկել է հանրապետության հյուսիսային մարզերը եւ Երեւան քաղաքը:
Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվել է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերի, նորմերի տեղայնացման եւ պաշտպանության անհրաժեշտությունից: 2012 թ. կազմակերպությունը գործունեություն է ծավալել երեք ռազմավարական ուղղություններով՝ մարդու իրավունքների պաշտպանություն, խաղաղասիրություն, քաղաքացիական նախաձեռնությունների խթանում եւ առանձին խմբերի շահերի պաշտպանություն:
2012 թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կազմակերպել եւ/կամ մասնակցել է տարբեր հասարակական միջոցառումների (երթեր, բողոքի ցույցեր, կլոր սեղաններ, մամլո ասուլիսներ)` զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների, մահացության դեպքերի, դրանց ոչ պատշաճ քննության հարցերին առնչվող խնդիրները ներկայացնելու նպատակով:
2012 թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվել են 11 դրամաշնորհային եւ ենթադրամաշնորհային ծրագրեր, որոնք ուղղված են եղել կազմակերպության ռազմավարական նպատակների եւ խնդիրների իրականացմանը, կազմակերպության կազմակերպական եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:
2012 թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակազմը մասնակցել է ավելի քան 30 կոնֆերանսների, սեմինարների, մասնագիտական վերապատրաստման դասընթացների եւ ուսուցողական այցերի տեղական եւ միջազգային մակարդակներում Հունգարիայում, Էստոնիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Լեհաստանում, Իսպանիայում, Բելգիայում, Բոսնիա- Հերցեգովինայում, Վրաստանում, Ուկրաինայում եւ Շվեյցարիայում:



























