Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարած Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցել է բանակին պատճառված վնասը՝ կառուցելով 150 տոննա տարողությամբ սառնարանային համալիր, որի արժեքը կազմում է 73 մլն 362 հազար 390 ՀՀ դրամ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ ավագ սպա Մերի Սարգսյանը:

«Ալբերտ Օհանջանյանը սառնարանային համալիրը կառուցել է իր անձնական միջոցներով: Ինչքանով սա կօգնի գործի քննությանը, չեմ կարող ասել»,- ասաց Մերի Սարգսյանը:

Գործի նախաքննությունը շարունակվում է, գործը դեռ դատարան չի ուղարկվել:

Հիշեցնենք, որ գոմեշի մսի գործով կալանավորված Ալբերտ Օհանջանյանը, որը Կապանի մսի կոմբինատի տնօրենն էր, որպես կասկածյալ ձերբակալվել էր օգոստոսի 29-ին, սեպտեմբերի 1-ին նրան մեղադրանք էր առաջադրվել Քր.օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը նա կալանավորվել էր: Առաջադրված հոդվածը հետեւյալն է. «Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: Այս հոդվածով առանձնապես խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող գումարը: