Թեղուտ համայնքում ՀՍՆՀ ծրագրով կառուցվող նոր մանկապարտեզի նոր շենքը շահագործման կհանձնվի ամռանը: Ավելի քան 120 մլն դրամ արժեքով ծրագրին համաֆինանսավորման եղանակով մասնակցում է նաեւ համայնքը: Այս մասին նշվել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Փոխվարչապետը նաեւ  ծանոթացել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհի կառուցման աշխատանքներին: ՀՀ կառավարության փետրվարի 6-ի որոշմամբ  ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն – Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար հատկացվել էր  535, 7 մլն դրամ: Զեկուցվեց, որ  արդեն իրականացվել են շուրջ 240 մլն դրամի  աշխատանքներ: Ակնկալվում է, որ ճանապարհը վերջնականապես պատրաստ կլինի  ամռանը:

Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Ներքին Կարմիր աղբյուր եւ Վերին Կարմիր աղբյուր համայնքներ: ՀՍՆՀ –ն  այս համայնքներում եւս սոցիալական ենթակառուցվածքների  վերականգնման ծրագրեր է իրականացնում: Ներքին Կարմիր աղբյուրում  արդեն կառուցվել է  համայնքային նոր կենտրոնի շենքը: Ծրագրի  իրականացման համար պահանջվել է  122 մլն դրամ, որին իր ներդրումն է ունեցել նաեւ համայնքը: Վերին Կարմիր աղբյուրում ներկայումս ընթացքում են մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները:  Այս ծրագրի արժեքը նույնպես շուրջ 122 մլն դրամ է կազմում: Փոխվարչապետին զեկուցվեց, որ շենքը պատրաստ կլինի շահագործման արդեն այս տարվա օգոստոսին: ՀՍՆՀ  գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ այս տարի կիրականացվի նաեւ տարածաշրջանի մեկ այլ` Այգեպար համայնքի դպրոցի վերանորոգման ծրագիրը, որի  արժեքը կկազմի շուրջ 85 մլն դրամ:

Փոխվարչապետը մարզպետի եւ համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց վերանորոգվող եւ նոր կառուցվող մանկապարտեզների ֆինանսավորման եւ պահպանման խնդրին` ընդգծելով համայնքային բյուջեներում այդ նպատակով համապատասխան միջոցների նախատեսման կարեւորությունը:

Նշված համայնքներում փոխվարչապետը հանդիպեց նաեւ բնակիչների հետ,  ովքեր ներկայացրեցին իրենց հուզող հարցերը: Նրանք  առաջին հերթին կարեւորեցին  անվտանգության ապահովումն ու հրադադարի ռեժիմի պահպանումը: Դրական գնահատելով կառավարության կողմից  վերջին շրջանում իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերը եւ նշելով, որ իրենց հիմնական եկամտի աղբյուրը  գյուղատնտեսությունն է` բնակիչները բարձրացրեցին մատչելի գնով գյուղտեխնիկայի, մասնավորապես, կոմբայնների ձեռք բերման հարցը: Բարձրացվեց նաեւ ոռոգման ցանցի բարելավման խնդիրը, ինչը, ըստ նրանց, հնարավորություն կտա ոռոգելի դարձնել 35-40 հա խաղողի այգի: Բնակիչները կարեւորեցին  տարածաշրջանում հակակարկտային կայանների տեղադրման հարցը: Նրանք  դրական գնահատեցին 2013թ. սահմանամերձ համայնքների համար հողի հարկի փոխհատուցման եւ  ոռոգման ջրի  վարձավճարի արտոնությանը վերաբերող կառավարության որոշումը:

Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ կառավարությունը նախատեսում   է  այս տարի եւս շարունակել նույն ծրագիրը, եւ առաջիկայում համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի: Նա նաեւ խոստացավ, որ  բարձրացված մյուս  հարցերը  եւս կքննարկվեն կառավարությունում: