Այսօր` ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը տեղեկացրել է, որ ներկայացված 600 ստեղծագործություններից ցուցադրման համար ընտրվել են 250-ը: Դրանցից մի քանիսը պետությունը ձեռք կբերի Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերը համալրելու նպատակով:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Նկարիչների միության նախագահի ուղեկցությամբ ԱԺ խոսնակը շրջել է սրահներով` ծանոթանալով Հայաստանի եւ Սփյուռքի արվեստագետների` 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը վերաբերող աշխատանքներին:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել արվեստագետներ ու արվեստասերներ, հասարակական, քաղաքական գործիչներ: