Ախմախ են նրանք, ովքեր հավատում են կուտակային կենսաթոշակային համակարգի ապագային եւ մտածում են, որ մի քանի տարի հետո «ռոլիկ են քշելու»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում փետրվարի 18-ին ասաց «Դեմ եմ» թիմի անդամ, ծրագրավորող Լեւոն Հարությունյանը։
«Եթե մի պետությունում գրանցված ինֆլյացիան 5% է, իսկ իրականում 10%-ից ավելի է, եւ եթե դու վերցնում ես այդ փողերը, տանում ես արտասահման, ինչ-որ ֆոնդերում դնում ես աշխատեցնելու, որտեղ քարը տրաքի 3% եկամուտ են տալու, ապա ոչ մի ձեւ չես կարող շահած դուրս գալ»,-ասաց ծրագրավորողը՝ նշելով որ հնարավոր չէ, որ Հայաստանի բյուջեն 20 տարուց հետո այնքան մեծ լինի, որ կարողանա վերադարձնել կենսաթոշակային վճարները։
Ծրագրավորողը հաշվարկել է միջին աշխատավարձ ստացողի կենսաթոշակային ակնկալիքները 20 տարի հետո. «140 հազար դրամ աշխատավարձ ստացող 35 տարեկան քաղաքացին ամեն տարի 3% եկամուտ ստանալու դեպքում 20 տարի հետո ստանալու է 38 000 դրամ թոշակ, որը գնաճի պայմաններում համապատասխանելու է այսօրվա 2000 դրամին»։
«Հիմա էդ մարդը, ով ինքնակամ մասնակցում է այս «ռեֆորմ» կոչվածին, ախմախ չի՞»,-ասաց Լեւոն Հարությունյանը։
Հիշեցնենք , որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:



























