«Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի փոփոխված աշխատանքային նախագծի համաձայն՝ ճնշումային խողովակաշարը 1 կմ ավելի երկար է լինելու նախկինից, իսկ ՓՀԷԿ-ի հզորությունը մոտ 2 անգամ ավելի: Այս մասին նշվել է Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում փետրվարի 17-ին տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ, հաղորդում է «ԷկոԼուրը»

Գետահովիտի 2000-ից ավել բնակիչներից լսումներին ներկա էին մոտ 15-ը: Ո՞րն էր նախորդ նախագծի թերությունը, եւ ինչո՞ւ է փորձաքննությանը ներկայացվել նոր նախագիծ: ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Զարուհի Զուռնաչյանի խոսքով` թերություններ չեն եղել, պարզապես «Մեգաէներջի» ՍՊԸ-ն փոփոխություններ է կատարել նախագծում, ինչի պատճառով էլ ներկայացրել է նոր փորձաքննության:

Բազմաթիվ վիճահարույց հարցեր բարձրացվեցին Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանի կողմից: «Տեղի են ունենում ոչ թե լսումներ, այլ թատերական ներկայացում, որը կազմակերպել է բնապահպանության նախարարությունը...սա ոչ թե փոփոխված, այլ նոր նախագիծ է` կազմված ուրիշ նախագծային ընկերության կողմից, ունի բոլորովին այլ տվյալներ եւ այլ պարամետրեր: Հետեւաբար, պետք է ունենա նոր լիցենզիա»: «Գիդէպինվեստ» ՍՊ նախագծող ընկերության տնօրեն Արմեն Գրիգորյանը պնդում էր. «Միանշանակ փոփոխված նախագիծ է: Չի փոխվել ՓՀԷԿ-ի շենքի տարածքը, չի փոխվել ՀԷԿ-ի շենքի նիշը...»:

«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցմանը կողմ արտահայտվեց ոչ միայն Գետահովիտի համայնքապետ Արթուր Ղազարյանը, այլ նաեւ Ենոքավանի համայնքապետ Անդրանիկ Չիբուխչանը, ում համայնքից էլ պետք է կատարվի ջրառը: Ենոքավանի համայնքապետի խոսքով՝ Ենոքավանի բնակիչները նույնպես կողմ են: Ի՞նչն է փոխվել, ինչո՞ւ երկու գյուղերի բնակիչներն էլ, որոնք բողոքի ցույցեր էին կազմակերպում  «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման դեմ, այժմ արդեն չեն բողոքում եւ լռում են: