Հայաստանի համար շատ կարեւոր է չկորցնել երրորդ երկրների շուկաները՝ ՄՄ-ին անդամակցելուց հետո: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ նրա՝ Պետք է ուշադրություն դարձնել առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների:
Այսպես՝ հատիկավորների տոկոսադրույքը ՄՄ-ում տատանվում է 3-13,3 տոկոսի սահմաններում, մինչդեռ Հայաստանում՝ 0: Սակայն եթե Հայաստանը ցորենը ներկրի Ռուսաստանից, ապա եգիպտացորենը ներմուծելու է Ուկրաինայից, բրինձը՝ Հարավ-Արեւելյան Ասիայից: «Բնական է, որ ներկրման աշխարհագրությունը կպահպանվի, այդ թվում՝ օբյեկտիվ պատճառներով: Հազիվ թե Հայաստանը թաիլանդական բրնձի փոխարեն սկսի ռուսականը ներկրել: Ստացվում է, որ այս դեպքում կարեւոր է, որ մենք պաշտպանենք մեր շահերը»,-ընդգծել է Մակարյանը:
Հայաստանի շահերին է վերաբերում նաեւ քաղցրացված կարագը: ՄՄ մաքսատուրքը կազմում է 14-15 տոկոս, հայկականը՝ 10: Եվս մեկ ակնհայտ տարբերություն կարելի է տեսնել թռչնամսի հարցում՝ մոտ 15 տոկոս:
Ոչ սպառողական ապրանքներից նա անդրադարձել է նավթամթերքին, քանի որ այն կարեւոր է ինչպես բնակչության, այնպես էլ բիզնեսի համար, քանի որ մաքսատուրքի ավելացմանը զուգահեռ գնաճն անխուսափելի է լինելու:
Եվս մեկ ապրանք, որին անդրադարձել է տնտեսագետը, մետաղե խողովակներն են, որոնց մաքսատուրքը կազմում է 5-12 տոկոս: Հայաստանը դրանք եւս ներկրում է Ուկրաինայից, իսկ դա նշանակում է, որ կամ պետք է անցում կատարել ռուսական խողովակներն կամ էլ թանկացումն անխուսափելի կլինի:



























