Հայ ավտոներկրողները հարկային դաշտում պատրաստ են աշխատել ֆիքսված հարկի շրջանակում, հայտարարել է  Հայաստանի ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մեքենայի համար  անհատ ներկրողի եկամուտն այնքան շատ չէ, որ  վճարի մեքենայի արժեքի 20%-ը:

 «20% մենք հաստատ չենք ստանում: Ի՞նչ մեքենաներ են մարդիկ սովորաբար գնում: Ասենք, 7-8 հազար դոլարանոց: Իսկ առեւտրականին բաժին է հասնում 300-400 դոլար: Մի կարծեք, թե նրանք բոլորը հարուստներ են: Իսկ նրանց ասում են՝ ոչ, մեքենան արժի 5 մլն դրամ, ուրեմն դրա համար միլիոն վճարի: Այսպես մարդկանց կսնանկացնեն», - հայտարարել է  Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ ներկրողները պատրաստ են գրանցվել որպես անհատ ձեռներեց եւ վճարել սահմանված հարկը՝ տարեկան մինչեւ 400 հազար դրամ (1000 դոլար): «Կարծում եմ, որ այդ դեպքում բյուջեն կստանա 10 միլիոն դոլարից ոչ պակաս», - հայտարարել է Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ դրանից կշահեն եւ պետությունը, եւ ներկրողները, որոնք այժմ ԱԱՀ չվճարելու համար այլ մարդկանց անուններով են մեքենաները գրանցում: «Մենք նույնպես արժանապատվություն ունենք: Մենք գող չենք եւ չենք ցանկանում գաղտնի աշխատել», - հայտարարել է Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ շուտով Էրեբունիի ավտոշուկա են պատրաստվում այցելել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք ցանկանում ենք հանդիպել նրանց հետ եւ բարձրացնել  սահմանված հարկի հարցը: Մի անգամ ես արդեն հանդիպել եմ պարոն վարչապետին 2012թ. եւ խոսել այդ մասին: Սակայն դեռ, ցավոք,  ռեժիմը մեզ համար մնացել է այնպես, ինչպես կար», - հայտնել է Հովհաննիսյանը: