ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը քաղաքական շահարկում է համարում «Նաիրիտ» գործարանի վարկայիչն պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: Այս մասին նա ասել է այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստումԼ
Վարդան Այվազյանն առաջարկել է հետաձգել այս հարցը, քանի որ բանակցություններ են ընթանում «Նաիրիտը» վաճառելու շուրջ եւ հանձնաժողովի ստեղծումը կարող է խանգարել ընթացքին։
«Եկեք ավելորդ քաղաքական շահարկումների խնդրից դուրս գանք: Կծախեն՝ կծախեն, չէ՝ չէ։ Դո՞ւք պատկերացնում եք, որ սա մտնի քառօրյա, երեսունհինգ մարդ ուրիշ խմբակցություններից ելույթներ են ունենալու, շահարկումներ են անելու՝ քաղաքական շահարկումներ: Գնորդը էդ ամեն ինչը լսելով ձեռքը թափ կտա, կասի՝ պետք չի: Իսկ հիմա ներկա պահին բանակցում են պրոֆեսիոնալները, հաշվարկում են, մեխանիզմները գիտեն: Ես ձեզ առաջարկում եմ՝ ՀՅԴ-ն թող դիմի Ազգային անվտանգություն, իրավապահ մարմիններին այդ բոլոր հարցերով, հանձնաժողով ստեղծելու ձեր նախագիծն էլ դրական եզրակացությամբ թողնենք մեծ օրակարգում, որ օրը որ բանակցություններն ավարտվեն, հենց նույն օրն էլ դնենք քառօրյա: Ամենաուշը հունիսին բանակցությունները կավարտվեն: Իսկ հանձնաժողովը առնվազն 8-9 ամիս կաշխատի, եթե ոչ՝ մի քանի տարի: Ի՞նչ է դա տալու»,- ասել է նա՝ հավելելով, որ «Նեվտռոս»-ը հետաքրքրված է «Նաիրիտով»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հերթին նշել է, որ իրենք ամենեւին նպատակ չունեն շահարկումների, այլ միակ ցանկությունը՝ «Նաիրիտի»՝ ամիսներ շարունակ բողոքող, աշխատավարձ չստացած աշխատակիցներին օգնելն է, որպես փոխզիջումային տարբերակ առաջարկում էր հարցը մտցնել քառօրյա, սակայն չքննարկել, թողնել աշնանը:
Տնտեսական հարցերի հանձնաժողովը քվեարկությամբ մերժել է նախագիծը եւ այն կմտնի օրակարգ՝ բացասական եզրակացությամբ:



























