Ֆինանսների նախարարության եւ պետական եկամուտների կոմիտեի համատեղ հայտարարության մեջ վկայակոչված է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի կոնկրետ հոդվածը, որը, ինչպես նաեւ մի շարք այլ հոդվածներ, կասեցված չեն եւ գործում են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

«Կոնկրետ այդ հոդվածը  սահմանում է գործատուների պարտավորությունը՝ վճարել իրենց աշխատակիցների պարտադիր կուտակային վճարները: Այսօրվա դրությամբ՝ գործատուների ճնշող մեծամասնությունը, գրեթե 99 տոկոսը, արդեն հաշվարկել է գումարները եւ արդեն պահումներ կատարել իրենց աշխատակիցներից: Համաձայն օրենսդրության՝ դրանից հետո  նրանք պարտավոր են գումարը փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին:

Հակառակ պարագայում հետեւյալ հարցն է ծագելու. եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները եւ չեն վճարել կամ վճարելու այդ հաշվին, ապա դա նշանակում է, որ  գործատուն պահել է աշխատակցից գումար, եւ, կոպիտ ասած, այդ գումարներից տոկոս է աշխատել: Այն դեպքում, որ եթե փոխանցած լիներ, այդ նույն եկամուտներն ու տոկոսները կստանային  արդեն աշխատակիցները: Այս առումով գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության»,-հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով՝ մի կողմից աշխատակիցներն են կարող համապատասխան պահանջ ներկայացնել կորցրած տոկոսները, կորցրած եկամուտները ստանալու մասին, մյուս կողմից՝ պետությունը նույնպես լծակներ ունի, եւ այն դեպքերում, երբ աշխատակիցների գումարներն արդեն  պահվել են, եւ  գործատուն, չնայած  պահել է, չի վճարել դրանք աշխատակցի հաշվին, ապա համապատասխան պատասխանատվության միջոց կա օրենքում:

«Եվ այդ  պատասխանատվության միջոցը կիրառելուց հետո նշված գումարները ոչ թե մուտք են լինում պետական բյուջե, այլ կոնկրետ աշխատակիցների հաշիվներին, որովհետեւ դա իրենց կորցրած գումարներն են»,-ասել է նա: