Ես չեմ մեկնաբանում ՍԴ որոշումները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանն ազատել է պատասխանատվությունից պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումներ չկատարելու դեպքում:
«Չեմ ուզում եւ իրավունք էլ չունեմ մեկնաբանելու ՍԴ որոշումները, բայց իմ տարրական գիտելիքները իրավունքի մասին ասում են, որ պատասխանատվությունը տարբեր տեսակի է լինում: Այն պատասխանատվությունը, որը գործատուն կրում է պետության առջեւ, ինչի մասին նաեւ դուք եք խոսում, բայց կա հետեւյալ հարցը. եթե գործատուն գանձել է, ըստ էության, ձեզնից, ինձնից, այլ աշխատողից գումարը եւ պահել է իր հաշվին, իրավունք ունի՞ աշխատակիցը պահանջել իր կորցրած եկամուտները, թե ոչ: Եվ արդյոք կրո՞ւմ է պատասխանատվություն գործատուն իր աշխատակիցների առջեւ: Պատասխանն այստեղ միանշանակ է՝ այո, կրում է նա պատասխանատվություն, եւ պետությունը, նաեւ որպես աշխատողների իրավունքները պաշտպանող, հետեւողական է լինելու, որպեսզի գործատուները չպահեն աշխատողների գումարները, եւ իրենք չստանան դրանց տոկոսներն ու եկամուտները»:
Ավելի վաղ Ֆինանսների նախարարությունը հայտարարություն էր տարածել, նշելով, որ գործատուները պարտավոր են պահել այդ գումարները եւ փոխանցել համապատասխան հիմնադրամներին:



























