2013 թվականին պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են շուրջ 6 800.0 մլն դրամի շինարարական եւ նախագծման աշխատանքներ, ավարտին են հասցվել հիմնանորոգված 14 օբյեկտներ եւ ավարտին են հասցվել 19 օբյեկտների ընթացիկ շինարարական աշխատանքները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:

Նա հիմնականում կարեւորել է կառուցապատման թույլատվությունների էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը կնպաստի կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը եւ պարզեցմանը, գործարար միջավայրի բարելավմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացները կատարելագործելու նպատակով` կավտոմատացվի ներդրված «Մեկ պատուհան» համակարգի ողջ գործընթացը, կմշակվի համակարգչային մոդելը, գծագրերի վերբեռնումը, անհրաժեշտ բոլոր թույլատվությունների ստացումն ու փաստաթղթերի տրամադրումը:

Ի դեպ, գործարար միջավայրի բարելավման միջոցառումներին անդրադառնալիս, Թադեւոսյանն առանձնացրել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություների կատարման հանգամանքը, որն արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: Օրենքի փոփոխությունը միտված է մասնավոր սեկտորի կողմից անհատական բնակարանաշինության եւ գյուղատնտեսական արտադրության` հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների շինարարության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը` հնարավորինս պարզեցնելով կառուցապատման գործընթացը:

«Անձամբ ես` այս փոփոխությունը շատ եմ կարեւորում, քանի որ դրա շնորհիվ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության ցանկից հանվել են մի շարք օբյեկտների շինարարության եւ դրանց նկատմամբ իրականացվող տեխնիկական հսկողության իրականացումը՝ դրանք համարելով չլիցենզավորված գործունեությունը»,-ընդգել է Սամվել Թադեւոսյանը։

Այդ օբյեկտներն են գյուղական բնակավայրերում կառուցվող

300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող բնակելի տները

150 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները

1000 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները

500 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունները

100 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության շինությունները։